Հալվայի Ճիչը (Կալբաս և պանիր)

Ab extra

Անորոշությունը թառել է վզիս.

Դանդաղ ծնվողի անհամբերություն:

 

Շունչդ կտրողի տիրումայրը,

Ու հալչող աչքեր,

Ոտների մատներ:

 

Պատուհանից հոսող քամին

Սառչող ոտների զվարճությունն է:

Փորացավն էլ զվարճության ավարտն է

Գուժում:

 

Խաշխաշամոլի դնջությունը

Ողնաշարս է մերսում:

Օ՜, լո՛ւյս գիտության,

Չարթնացնե՛ս ինձ, չարթնացնե՛ս:

 

Շազամ:

Պոեմ ինքնապայթեցման (69+)

semel in anno licet insanire

Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՛…

Միսաք Մեծարենց

… որ ունեք արյան տեղ -մեզ
ու խլինք — խելքի փոխարեն.

Եղիշե Չարենց

Կռկռոցդ թմբկահարում է ականջներս,

Դու անարյուն ես մեռնում:

Բեեղզեբուղը դուրս է պրծել ափերիս ճաքերից,

Ու մազերս անխնա պոկրտում:

Ո՞ւր են ցուցամոլ էշերը,

Աչքերս արյուն է տենչում:

Ձախումս մի բութ իր,

Ու ցրիվ գլուխ,

Ինչ անճաշակությո՜ւն:

Արդեն հիշել եմ մորդ, քույրերիդ,

Քո հին սերերին, բարեկամներիդ,

Ցեղակիցներիդ, քարտուղարուհուդ:

Դեռ արյունդ եռում է ափերիս մեջ:

Սրտիդ վերջին կտկտոցները

Հանգստացնում են հոգիս:

Քո մատներն այլևս

Չեն հասնի իմ էգերին:

Շսմա՜հ:

Ա՜խ, ինչո՞ւ մայրդ քեզ համար,

Չերգեց գույների լեզվով,

Կամ ինչո՞ւ ընկերդ մոտիկ,

Քեզ լքեց կռվի ժամանակ:

Դու դարձար բարկացած ու նեղված,

Հայհոյեցիր շուրջդ ու քեզ,

Ձգվեցիր երկար ու բարակ,

Որ սեփական անդամդ ծծես:

Շղարշի՛ր հոգիդ հոգնած,

Շշուկով շշմեցրու ինքդ քեզ,

Շիկացրու վերքերդ բաց,

Շփոթվի՛ր, շպրտի՛ր,

Շսմա՜հ:

Կսպանեմ քո հոգին նեղված,

Կազատեմ ինքդ քեզանից,

Ինչպես կովբոյն է հրաժեշտ տալիս,

Իր սիրած, վիրավոր ձիուն:

Կհանեմ հաջաթս անգին,

Ճտտացնեմ թշիդ, ճակատիդ,

Որ եռա քո ֆիթիլն

Ինքնապայթեցման:

Ու հագած սապոգը կովբոյի,

Կխառնեմ աղիքներդ ու ստամոքսդ,

Արնոտած սապոգով ես ահա,

Կնկարեմ անունդ,

Ձյան վրա.

Ինչ անճաշակությո՜ւն:

Քո տատն էլ հին ու բարի,

Որ ճլվզ-ճլվզ կքայլեր,

Ձեռքով դեպ իրեն կկանչի,

Դու սիրուն թոռնուհի գանգրահեր:

Իսկ ես էլ շարունակ կաղտոտեմ,

Տատուդ հետ միացման ճամփան,

Նավթ ու փոշի կխառնեմ,

Արյունդ սարքեմ քիմիական:

Ու կերգենք էս երկրում օրգանիկ,

Թե ինչու են կանայք տգեղ,

Ու բազմենք իրարու, հռճվենք,

Տգեղի ու գեղեցիկի ֆոնին:

Կսպանեմ քեզ դանդաղ՝

Խռխռոցիդ մեջ երգեր փնտրելով,

Ու քո տանն հակասեռական,

Կլցնեմ մեր սիրո բույրով:

Քո դիսցիպլինար ճիպոտը,

Թաթախած աղաջրի մեջ,

Թեժ կարմիր բծեր կգծի

Քո նրբին, թափանցիկ մաշկին.

Ինչ անճաշակությո՜ւն:

Չէ՛, կգրկեմ քեզ պինդ,

Ու կերգեմ գույներ, ծիածան,

Ականջիդ կգոռամ լռություն,

Որ փոխես միտքդ

Ինքնապայթեցման:

Ծածաչփ

ars ppoetica

…como si llegaran ladrones o fantasmas…

Պաբլո Ներուդա  

Հոգիդ էլ ծռել եմ

Քմծիծաղի պես:

Զրոյացրել եմ բոլոր

Սերահաշվիչներն ու

Քեզ նվիրել

Տխմար կուսանոց:

Ու հասարակության դատին նարկայացրի,

Իմ վերջին գործը՝

Տկլոր աքաղաղ,

Որ զբաղվեն ու լցնեն

Իրենց գանգաԹուփերի

Շտեմարանն անկապության:

Օ՜, Ծածաչփ բարի,

Կեղեքիր նրանց

հետույքովդ արնապատ,

Որ եռան

Գոլորշիանան,

Ու ձգտեն զրոյի,

Ամեն

Բարև

Hello

Դու եկել ես՝

Ուղղելու մեջքս ծուռ,

Ժպտալու ու լուսավերելու

Դառնահամ դեմքս,

Արի ու չարի ջրբաժանը լցնելու.

Ողջույն:

 

Օտարի հողն համբուրած,

Ծունկի եկած ու չափազանց հեզ,

Կեղտամաշ կաշվիս աշխատաբույրը հոտոտած՝

Մեկնում եմ ձեռքս.

Բարի եկար:

 

Արի ու չարի հիշողություններս

Լվացի Խաղաղ Օվկիանում,

Բնականորեն ու բնազդորեն ատեցի օտարը,

Ինչպես հնդկական փիղը երբեք չի հարմարվի

Աֆրիկյան փղի հայրենիքին.

Բարի երեկո:

 

Լողավազան մաքրողի պես,

Մաքրեցի մռթիդ փառը,

Ու խաշնապուրի պես

Զուլալ,

Դեպի քեզ սրեցի

Կոշտացած մատիկներս.

Բարի լույս:

 

ՄԵՆՔ ներշնչեցինք քեզ ինքնորոշում և

Անկախություն և

Ազատություն՝

Ինքդ քեզ ստրկացնելու հավանականությունը բացառելով,

Իսկ դու

Շղթայեցիր քեզ:

Բարի:

 

Խորհրդանշեցիր նոր դարձն ու Ձուլումը՝

Գտնելով Ալքիմիկոսի երազած իմաստասերի քարը,

Բարի գնաս:

 

Գեղեցկուհի կինս էլ թիկն տվեց ինձ վրա,

Ասաց՝

Բարև:

Բարև,

Հայաստան:

Մաքուր, մաքուր

OMNIA MUNDA MUNDIS

OMNIA MUNDA MUNDIS

Ամենամաքուր տողերը գրեցի այս գիշեր.

Փափուկով փաթաթեցի քեզ, ու պաղ ջրով լվացի հոգիդ,

Կիսաժպիտով արձագանքեցիր ու սիրտս կաթացրիր խաղաղությամբ լի հոգուդ մեջ.

Կաթ,

Կաթ:

 

Մեր շփումն էլ չեղավ ռադիոալիքների սովորական փոխանակում,

Այլ իրար կիպ սեղմված հականյութերի ձուլում:

 

Բաժանումն էլ լոկ ընդունիչի և արձակիչի խանգարում է.

Տեխնիկական խնդիր:

 

Մաքուրով սրբածդ փոշին կորավ.

Կաթ,

Կաթ:

 

Բողբոջեցիր իմ մեջ, և խթանեցիր իմ մետամորֆոզը, որ դառնամ այն, ինչ կամ՝

Քո մաքուր Մաքուրի գովերգողն ու…

Կաթ,

Կաթ:

 

Ալմաստ

diamond

Պոեզիան շարեցի մեր տարածաժամանակի միջև:

Քո անտաշ գեղեցկությունը քերծեց հոգիս,

Ճաքեց հոգուս երկնագույնն ու

Սառեցի քո հրեշտակային լույսից:

Օ՜, չաստվածներ անցյալի ու ապագայի,

Այրեցե՜ք, խնդրեմ, աղջիկ-փայտիկին,

Լվացե՛ք ձեր երեսը, օծեք այն ծխով`

Վառվող աղջկա:

Կկլանեմ քեզ ականջով, աչքով,

Համդ կփորձեմ, հոտդ կշնչեմ,

Կզգամ քեզ զգայարանով վեցերորդ ու

Կշարեմ պոեզիան մեր տարածաժամանակի միջև:

Լուսինե

moon

Լուսինե՛, գլորի՛ր սերդ մարմինս ի վար:

Շնչիս հետ կկլանեմ կապտասպիտակդ,

Կսառչե՛մ քեզ հետ, քեզ մենակ չե՛մ թողնի,

Դու միայն.

Գլորի՛ր սերդ մարմինս ի վար:

 

Լուսինե՛, արձակի՛ր Օրիոնի գոտին

Ու դաղիր Երկրի ծովերին,

Սե՛ռ արա ալիքների հետ,

Սե՛ր արա, սե՛ռ արա:

 

Լուսինե՛, ուսդ համբուրելուն մեկտեղ`

Ինձ էլ համբուրիր:

Էմբրիոնի պես կկծկվեմ մեջդ`

Սպասելով գալիք մետամորֆոզին:

 

Քոնը մահ էլ չէ, այլ` մահիկ:

Լուսինե՛, ինձ մի՛ լսիր,

Լուսինե՛, ինձ մի՛ լսիր,

Լուսինե՛, ինձ մի՛ լսիր,

Ուղղակի`

Լուսինե՛, գլորի՛ր սերդ մարմինս ի վար:

Ադվենա (մինիգլոսոլալիա)

Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։

Ա. Ռեմբո, Առաջին երեկոն

Կծիկդ բացում ու գլորում ես գետնին.

Սիրտդ ճաքեց աչքերիս առաջ:

Դուրս պրծան ամենքն ու ամենինչ.

Էն պուպուշ խաղալիք արջուկդ,

Որ ծալել, դրել էիր խորքում,

Էն սիրուն վարդագույն շորիկդ,

Որ ճզմված էր սիտիդ անկյունում,

Թափվեցին ահա, թափվեցին ահա:

Չճանաչեցի քեզ, բաժակակիցդ չեղա,

Վարդակարմիր աշխարհիդ ստեղծմանը չմասնակցեցի:

Դու լցվեցիր, հասունացար`

Ճզմելով ամեն խաղալիք ու շորիկ:

Ու չշնչեցինք մենք նույն ուղղությամբ,,

Դու չպատմեցիր, թե ինչպես ես ընկալում Ֆրեյդին:

Հավաքեցիր ամեն իրերդ,

Ու մնացիր նույն տեղում:

Բառս չհերիքեց անծանոթուհուն երգ նվիրելու,

Ու դուրս թափված սրտիդ վարդագույնը տեսնելով,

Մանկան պես երգեցի`

Գղո՜ւ,  գղո՜ւ, գղո՜ւ:

Տարածությունը չոքեց մեր առաջ,

Ժամանակն ոտնատակ եղավ:

Լսեցի գիշերվա աղոթքդ,որ

Վերևի փոխարեն ուղղված էր

Ներս:

Չանցա տարածքի վրայով,

Լքեցի քեզ,

Լքեցիր քեզ:

Ներկադ էլ թքեց անցյալի ու ապագայի վրա

Ճռռալեն փակեց սրտիկդ, ու

Սկսեցիր Ապրել.

Գղո՜ւ,  գղո՜ւ, գղո՜ւ:

N 11:12 (կաթիլ-ապտակ)

Թափ կտամ բազուկներիս ուժին ու կորովի մատներովս կսեղմեմ գրիչը,

լեզվովս կարտահայտեմ մտքերս, և թող իմ շուրթերը կարողանան

իմաստուն մտքեր շշնջալ:

Ագաթանգեղոս

Մարդ` կենտրոն աշխարհի,

Ծնկի՛ իջիր ինքդ քո առաջ:

Օ՜, լուսնթա՛գ,

Պարուրի՛ր բիբս լույսով:

Սիրտդ բողբեջեց,

Ճեղքեց ոսկրե վանդակր.

Հեռացրու՛ գրիչը,

Տրվի՛ր անորոշ ջղաձգմանը,

Բա՛ռ կերտիր, ձուլի՛ր,

Լեզուդ  հարմարեցրու շնչառությանդ,

Նվագի՛ր հոգուդ տավիղը:

Թող մուսան քեզ գլորի աշխարհի կենտրոնից,

Հանճարը քացի տա.

Վայելի՛ր վայրէջքդ`

Գրկի՛ր ԲԱՑԱԿԱՆ:

Օ՜, երկրի՛ տավղահար,

Մատներիդ հպումով կատարի՛ր երազանքը`

Ալքիմիկոսի:

Ականջդ ուսին,

Ու ժպտում ես.

Արաբ երեխաները քարկոծում են

Իսրայելական տանկը:

Խոկոկո, խոկոկո,

Ծիլը ծլեց, խոկոկո:

Բա՛ռ կերտիր, ձուլի՛ր,

Լեզուդ  հարմարեցրու շնչառությանդ,

Նվագի՛ր հոգուդ տավիղը:

Ականջդ քնեց ուսիդ,

Ատամնաշարովդ զգացիր

Հոգեհանգիստդ,

Ու փռվեցիր բառերիդ, տառերիդ վրա:

Ո՞ւր կերթանք,

Հոգ չէ , հաջի՛ս,

Ճանապարհը կա՜.

Բա՛ռ կերտիր, ձուլի՛ր,

Լեզուդ  հարմարեցրու շնչառությանդ,

Նվագի՛ր հոգուդ տավիղը:

Օրիկ

Ասում են, իբր կապույտի վրա

Չեն նստում ճանճեր…

Պ.Սևակ , Բարեխոս եղիր իմ և իմ միջև

Արմստրոնգի ոտնահետքը քամին  տարավ,

Մեռա՜վ, մեռա՛վ` չտեսնելով լուսնի կապույտը:

Օրս էլ քրտնեց լուսնի վրայով վրաերթ անող ամպի պես՝

Սահեց, գնաց` չլսելով համբույրդ: